Կադիրովը 207 հարսնացուի «գլխագնի» համար կորոնավիրուսի պատճառով ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած փեսացուներին գումար կտրամադրի

14:42 • 08.06.20

ՌԴ կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հանձնարարել է հարսնացուների «գլխագնի» համար կորոնավիրուսի համավարակի հետևանքով ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած 207 փեսացուի գումար հատկացնել, հայտնում է lenta.ru կայքը՝ հղում տալով հանրապետության մահմեդականների հոգևոր վարչության հայտարարությանը։

Նշվում է, որ մուսուլմանական ավանդույթների համաձայն՝ ամուսնական արարողության կազմակերպման համար հոգևորականների կողմից նախապես կազմված ցուցակով փեսացուների ընտանիքներից յուրաքանչյուրին 50 000 ռուբլի գումար կտրամադրվի։ Այս գումարն օգտագործվելու է հարսնացուի «գլխագնի» համար, թեև այն վերջում նվիրում են աղջկան։

Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում երկրում ամուսնական արարողությունների համար նոր կանոններ են գործում, որոնց համաձայն՝ հարսնացուի հետևից կարող է միայն երկու մեքենա ժամանել, իսկ արարողության մասնակիցների շրջանակը միայն ամենամոտ հարազատներով պետք է սահմանափակվի։