Հայտնի են դարձել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնող առաջին երկրները

13:52 • 08.06.20

Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրած երկրներից առաջինն այն կվերսկսեն ԱՊՀ անդամ 8 երկրները, դա տեղի կունենա հուլիսի 15-ից: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Դրանից հետո, օգոստոսի 1-ին կվերսկսվեն թռիչքները դեպի ևս 7 երկիր, ենթադրաբար խոսքը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի երկրների մասին է: Քննարկվում է նաև աշնանից դեպի Վրաստան և Եգիպտոս թռիչքների վերսկսման հարցը:

«Ամեն դեպքում, դրանք կանոնավոր թռիչքներ կլինեն դեպի խոշոր քաղաքներ, հիմնականում` մայրաքաղաքներ: Չարթերային թռիչքները վերջում կվերականգնվեն»,-ասել է ասոցիացիայի աղբյուրներից մեկը:

Միևնույն ժամանակ ռուսական ավիաընկերությունները տոմսերի վաճառքը կարող են սկսել արդեն հունիսի կեսերից:

Նշվում է, որ արտասահմանյան այն ուղղությունների վերջնական ցուցակը, որոնց հետ հնարավոր է վերականգնվի ավիահաղորդակցությունը, համատեղ կներկայացնեն Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Росавиация) և ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор):