ԱՄՆ-ում վարորդը մեքենայով մխրճվել է ցուցարարների խմբի մեջ, ապա կրակ բացել նրանց ուղղությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

10:28 • 08.06.20

Ամերիկյան Սիեթլ քաղաքում վարորդը մեքենայով մխրճվել է ոստիկանական բռնության դեմ բողոքի ցույց անցկացնող ամբոխի մեջ, այնուհետև կրակել է ցուցարարների ուղղությամբ, հայտնում է The Seattle Times հրատարակությունը։

Հայտնի է, որ ոստիկանությունը տեղում ձերբակալել է մեքենայի վարորդին։ Կրակի հետևանքով տուժել է 1 մարդ․ վերջինս գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է կայուն։

Ներկայում իրավապահները կատարվածի հետաքննություն են իրականացնում, իրավախախտի նման գործողությունների դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մայիսի 25-ին սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։