Փաշինյանը վարակակիր էր, որի թեստը որոշ ժամանակ դրական էր. այնքան բացթողումներ կան, որ 100 տոկոսով մեկնաբանություն տալ չենք կարող․ Երևանի գլխավոր ախտաբան
Այսօր, երբ տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակակիրների թվերն ավելանում են, դա չի նշանակում, որ նրանք բոլորը հիվանդ են, բնականաբար վարչապետն էլ հիվանդ չէր: Հնարավոր չէր նա հիվանդ լիներ, վարչապետը վարակակիր էր, որի թեստը մի որոշ ժամանակ դրական էր, հետո ցույց տվեց, որ բացասական է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու և շուտ ապաքինվելու մասին:
Մխիթարյանը նշեց, որ նման դեպք կարող էր ցանկացածիս հետ էլ պատահել, որի պատճառը թեստի բնույթն է: «Նույնիսկ ամբողջ ընտանիքը, որը վարակակիր էր, բայց ոչ մի ախտանիշ չուներ և հիվանդություն էլ չզարգացավ, շատ հնարավոր է, որ թեստի վրիպում լիներ այստեղ»:
Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր էր ամբողջ ընտանիքի համար էլ թեստի վրիպում լիներ, մասնագետը պատասխանեց՝ քիչ հավանական է, բայց վիրուսի առկայության և չխորացման դեպքում հնարավոր էր նման պատասխան տեսնել:
Հարցին, թե եթե վարչապետը և իր ընտանիքը վարակակիր լինելով կարող էր 8 օրվա ընթացքում վարակից ազատվել, ախտաբանը նշեց՝ հնարավոր է, թեստ է որոշում: «Այս հիվանդության հետ կապված այնքան անհասկանալի բաներ կան, որ որևէ մեկը չի կարող հստակությամբ հիվանդության փուլերը ցույց տալ: Հնարավոր է, որ ՌՆԹ-ն ինչ-ինչ հանգամանքով է հայտնվել թեստի մեջ, սակայն նույնիսկ մարդու մոտ վիրուս չի եղել»:
«Մենք դեռ չստացանք այն պատասխանը, թե ինչ թեստեր ենք օգտագործում: Սկզբից ասում էին, թե չինական թեստեր են, բայց գովազդային հոլովակներից ենթադրվում է, որ մեզ մոտ եղածը ռուսական թեստեր են: Հիմա էլ խոսակցություններ կան, որ մեր հայկական թեստերն են պատրաստվում, չգիտենք՝ կարող ենք վստահել այդ թեստերին, թե՝ ոչ: Այնքան բացթողումներ ունենք, որ 100 տոկոսով մեկնաբանություն տալ չենք կարող»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հայտարարեց, որ ընտանիքի հետ միասին կորոնավիրուսի թեստ են հանձնել, որի պատասխանները դրական են եղել, իսկ արդեն հունիսի 8-ին նա հայտնեց, որ վերջին արված թեստի պատասխաններով վիրուսը բացակայում է:










