«Չենք կարող անտեսել Ջորջ Ֆլոյդի մահվան տեսարանի պատճառած հույզերի խորությունը». Բորիս Ջոնսոնն արձագանքել է Black Lives Matter շարժմանը

09:59 • 09.06.20

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն արձագանքել է Black Lives Matter շարժմանը՝  ընդունելով, որ «անարդարության անհերքելի, անվիճելի զգացումը» դրդում է հանրահավաքների կազմակերպման, սակայն քննադատել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սոցիալական հեռավորությունն անտեսելու համար, գրում է The Guardian-ը։

«Ջորջ Ֆլոյդի մահը տեղի է ունեցել այստեղից հազարավոր մղոններ հեռու՝ մեկ այլ երկրում, մեկ այլ իրավազորության ներքո, և այնուամենայնիվ, մենք պարզապես չենք կարող անտեսել այդ տեսարանի պատճառած հույզերի խորությունը»,-ասել Է Ջոնսոնը:

«Այս երկրում և ամբողջ աշխարհում նրա՝ մահվանից առաջ արտաբերած խոսքերը՝ «Ես չեմ կարող շնչել», համատարած զայրույթ և անհերքելի անարդարության զգացում են արթնացրել, զգացում, որ սևամորթները և էթնիկ փոքրամասնությունները, իսկապես, բախվում են խտրականության՝ կրթության ոլորտում, աշխատատեղերում, քրեական օրենքի կիրառման հարցում»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ իշխանությունները չեն կարող անտեսել այդ զգացողությունները։

«Դուք ճիշտ եք, մենք բոլորս ենք ճիշտ՝ ասելով, որ սևամորթների կյանքը կարևոր է, և բոլոր նրանք, ովքեր որոշել են խաղաղ կերպով բողոքել և շարունակում են սոցիալական հեռավորություն պահպանել, ես ասում եմ՝ այո՛, ես ձեզ լսում ու հասկանում եմ»,- հավելել է Ջոնսոնը՝ ընդգծելով, որ «երկիրն ամիսներ շարունակ ազգային փորձության է ենթարկվում կորոնավիրուսի պատճառով, և չենք կարող թույլ տալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»։

ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Մեծ Բրիտանիայում ընթանում են ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաներ: Չնայած գործող կարանտինին՝ հազարավոր մարդիկ դուրս են գալիս Լոնդոնի, Բրիստոլի, Քարդիֆի, Մանչեսթերի և այլ քաղաքների փողոցներ։ Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մեղավորներին։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: