Դա առիթ է, որ ավելի ցածր պետական դիրք ունեցող պաշտոնյաները պատասխանատու գտնվեն ՀՀ չորրորդ պաշտոնյային ուղղված նամակագրության հարցում․ Էդգար Ղազարյանը՝ Վ. Վարդանյանի գրառմանն արձագանքելու մասին

17:12 • 09.06.20

ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, խնդրեց անդրադառնալ աշխատանքային ժամին արված ֆեյսբուքյան գրառմանը: «Վերջին հրապարակումը, որով դուք ինձ անդրադարձել էիք ձեր ֆեյսբուքյան էջով, արված էր օրը ցերեկով, աշխատանքային օրով, որտեղ ես մեկ ամիս էի սխալվել: Ես չէի սխալվել, իրականում դուք հասկանում եք, որ դա իմ աշխատակիցներից մեկն է եղել, բայց ես վերցնում եմ պատասխանատվություն և ներողություն եմ խնդրում հանրությունից՝ սխալ հիշատակելու համար»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը նշեց, որ իր գրառումը անձնական բնույթի գրառում չէր, դա պաշտոնական բնույթի գրառում էր, դրա համար է դա արել աշխատանքային ժամի և կարծում է, որ չի սխալվել: Նա նաև նշեց, որ իր անձնական հաշվից հրապարակել է նաև հրապարակման ենթակա փաստաթուղթ: «Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, քանի որ դա երևի առիթ է հանդիսացել, որպեսզի ավելի ցածր պետական դիրք ունեցող պաշտոնյաները ավելի պատասխանատու գտնվեն ՀՀ չորրորդ պաշտոնյային ուղղված նամակագրության հարցում»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ չգիտեր, որ կարելի է օգտագործել անձնական ֆեյսբուքյան էջը՝ պաշտոնական գրառումներ կատարելու համար: «Ես հաշվի կառնեմ սա և այսուհետ Սահմանադրական դատարանին, Ձեզ ուղղված բոլոր գրությունները կհրապարակեմ անձնական ֆեյսբուքյան էջով»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը նշեց, որ այդ նախադեպը իրենից առաջ կիրառել է Ազգային ժողովի նախագահը: «Կարծում եմ, որ դուք գործի բերումով պետք է հետևեիք ԱԺ նախագահի գրառումներին»,-ասաց նա, իսկ Վլադիմիր Վարդանյանը արձագանքեց.«ոնցոր ասում է՝ կհանդիպենք ֆեյսբուքյան էջերում, պարո՛ն Ղազարյան»: