ՄԱԿ-ի փորձագետները Ֆլոյդի գործով հնարավոր խախտումների մասին նամակ են հղել ԱՄՆ-ին
Աֆրիկյան ծագում ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքային խումբը նամակ է հղել ԱՄՆ իշխանություններին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ոստիկանության կողմից ենթադրյալ խախտումների մասին, գրում է ria.ru-ն։
Ենթադրյալ խախտումների մասին նամակները սովորաբար երկրների իշխանություններին ուղարկում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, որպեսզի կառավարությունները պարզաբանեն ենթադրյալ խախտումների էությունը և պատասխան ուղարկեն հետաքննության կարգավիճակի վերաբերյալ։
Ավելի վաղ Բենջամին Քրամփը՝ Ֆլոյդի ընտանիքի փաստաբանը, նամակ էր հղել ՄԱԿ -ին՝ խնդրելով միջամտել միջադեպի հետաքննությանը և հանձնարարականներ տալ ԱՄՆ-ում ոստիկանության համակարգային բարեփոխման վերաբերյալ: Հունիսի 3-ին աֆրիկյան ծագում ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ուղղված նամակում Քրամփը և Ֆլոյդի ընտանիքը խնդրում են ՄԱԿ-ին հետաքննել զոհվածի մահվան հանգամանքները:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:










