Իտալիայում ձերբակալել են մաֆիայի մոտ 60 անդամի, այդ թվում՝ Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունից սենատոր Չեզարոյի երեք եղբայրներին
Իտալացի կարաբիներները մաֆիոզ գործունեություն ծավալելու մեղադրանքով 59 մարդու են ձերբակալել։ Ոստիկանության գործողությունները հարված են հասցրել նեապոլիտանական «Կամորրա» հանցավոր կազմակերպության երեք կլանի, գրում է ria.ru-ն։
Ինչպես լրագրողներին հայտնել են կարաբիներների ներկայացուցիչները, հետաքննությունը «բացահայտել է բիզնեսում և քաղաքականության ոլորտում համատեղ մասնակցության սերտ ցանցը»:
Նրանք մեղադրվում են մաֆիոզ կազմակերպություն ստեղծելու, ընտրությունների ժամանակ կոռուպցիայի, դրամաշորթության և աճուրդներում մեքենայությունների համար։
Ձերբակալման հրամանի կատարումից բացի, «ծանուցման փուլում» է գտնվում ավելի քան 80 մլն եվրոյի գույքի բռնագրավումը:
La Repubblica թերթը գործողության կապակցությամբ նշում է, որ կարաբիներները նաև ձերբակալել են Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունից սենատոր Լուիջի Չեզարոյի երեք եղբայրներին: Նրանցից երկուսը տնային կալանքի տակ են։ Իսկ երրորդը՝ Նեապոլի հյուսիսային ծայրամասում գտնվող բժշկական կենտրոնի տերը, կալանավորվել է։










