ԵՊՀ-ում ճգնաժամ է․ մարտին հետաձգված հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ռեկտոր պետք է ընտրվեր, հնարավոր էր անցկացնել այս 3 ամիսների ընթացքում, ինչպես կայանում են ԱԺ և ավագանու նիստերը․ Ռ․ Մելքոնյան

09:32 • 09.06.20

Երևանի պետական համալսարանում ճգնաժամ առկա է, որովհետև արդեն տևական ժամանակ է՝ համալսարանը չունի ընտրված ռեկտոր։ Բնական է, որ տարբեր խնդիրներ, որոնք կային, վերածվում են ճգնաժամի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտորի թեկնածու Ռուբեն Մելքոնյանը։

«Դրան գումարվեցին կորոնավիրուսի հետ կապված խնդիրները, առցանց դասավանդման հետ կապված հարցերը, և կարող ենք ասել, որ ճգնաժամային իրավիճակն ավելի խորացավ։ Նաև պետք է ասեմ, որ այս ամիսներին համալսարանի և դասախոսական կազմը, և ադմինիստրացիան փորձեցին անել լավագույնը, որպեսզի դասապրոցեսը քիչ տուժի, շարունակվի։ Այս առումով՝ դասապրոցեսի հետ կապված գոնե որոշ դրական միտումներ եղել են, փորձել ենք այս ընթացքում ինչ հնարավոր է, անել»,- ասաց նա։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ ԵՊՀ ճգնաժամը հիմնականում վերաբերում է համալսարանի ընտրված ղեկավարության բացակայությանը, որը խնդիրներ է առաջացնում կառավարման օղակներում, ռեկտորատ-ֆակուլտետ հարաբերություններում։

«Կարծում եմ, որ անկախ անձերից, քաղաքականությունից և իշխանություններից պետք է ԵՊՀ-ում վերահաստատվի նորմալ մթնոլորտ, նորմալ աշխատանքային հարաբերություններ և դրա համար պետք է նաև ընտրություններ։ Այս անցնող տարին ապացուցեց, որ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջները, որոնք ասոցացվում էին համալսարանում խնդիրների լուծման հետ, Սիմոնյանը հրաժարական կտա, խնդիրները կլուծվեն և այլն, ըստ էության, այդ սպասելիքները չեղան և տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Սիմոնյանի հրաժարականից հետո խնդիրներն էլ ավելի շատացան և ավելի ցայտուն դարձան»,- նշեց ռեկտորի թեկնածուն։

Հիշեցնենք, որ 2019 թ․ մայիսի 23-ից Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից և ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Գեղամ Գևորգյանը։ 2020 թ․ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հետաձգվել էր անորոշ ժամանակով՝ պայմանավորված ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ։

Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։

«Այս պահին դեռ հայտնի չէ՝ երբ է ընտրության օրը։ Այժմ քայլեր են արվում հոգաբարձուների խորհուրդը ձևավորելու համար։ Յուրաքանչյուր ֆակուլտետ հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու պետք է ներկայացնի։ 32 հոգուց է բաղկացած հոգաբարձուների խորհուրդը, որից 16-ին նշանակում է Կառավարությունը, 8-ը ուսանողներն են, 8-ը՝ դասախոսներ։ Թե ձևավորվելուց հետո երբ կանցկացվի ընտրություն, երբ կհայտարարվի, թե հին մրցույթն ուժի մեջ կմնա և այլն, ոչ մի տեղեկություն չունենք այս պահին»,- հայտնեց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա կարծիքով՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը մարտին հետաձգելուց հետո այս 3 ամիսների ընթացքում հնարավոր էր ընտրությունը կազմակերպել և լուծել ԵՊՀ-ում առկա ճգնաժամը։

«Անցնող ամիսներին եղել են տարբեր համանման միջոցառումներ` ԱԺ նիստերը երբեք չընդատվեցին և տեղի ունեցան արտահերթ նիստեր, տարբեր որոշումներ ընդունվեցին նաև համապետական նշանակության, Երևանի ավագանու նիստերը պարբերաբար անցկացվել են։ Կարծում եմ, որ այս պայմաններում հնարավոր էր նաև 32 հոգանոց հոգաբարձուների խորհրդում կազմակերպել ռեկտորի ընտրություն։ Ինչ խոսք, կարող էին լինել որոշակի տեխնիկական դժվարություններ, բայց դա անհնարին չէր»,- ասաց Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Հարցին՝ եթե հնարավոր էր, ինչու չանցկացվեց ռեկտորի ընտրություն, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց․ «Դրա հասցեատերը իշխանություններն են՝ կոնկրետ նախարարությունը, որը պատասխանատու է այս ամենի համար»։

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը ձևավորվում է հին կարգով․ 25 տոկոսը Կառավարության կողմից է նշանակվում, 25-ը` նախարարության, 25-ը` ուսանողների, 25-ը` դասախոսների:

«Քանի որ նոր օրենքը չի ընդունվել, մենք առաջնորդվում ենք հին օրենքով։ Կարծում եմ՝ առնվազն պետք է համալսարանը հեռու պահել քաղաքականությունից և լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, Կառավարությունը ապահովի այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա համալսարանին ընտրել ռեկտոր և աշխատանքային պրոցեսը վերադարձնել բնականոն հուն»,- նշեց նա։

Ռուբեն Մելքոնյանը համամիտ է կարծիքի հետ, որ Կառավարության ցանկալի թեկնածուն նորից մեծ շանսեր ունի ընտրվելու, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամների 50 տոկոսը նշանակվում է Կառավարության և նախարարության կողմից։

«Ըստ էության, այո, Հոգաբարձուների խորհրդի 50 տոկոսը՝ 16 անձ, ուղղակի նշանակվելու է Կառավարության կողմից։ Չեմ ուզում մարդկանց անմեղության կանխավարկածը ոտնահարել, բայց մեծ է հավանականությունը, որ նրանք ավելի վերահսկելի կլինեն կամ գոնե միասնական տեսակետ կունենան ընտրությունների և թեկնածուի հետ կապված։ Այո, կառավարության 50 տոկոսը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ընտրությունների և թեկանածուի հետ կապված»,- ասաց նա։