ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ արձագանքի անվտանգության ոլորտում առաջացող մարտահրավերներին․ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք գուցե կանխատեսված չէին․ Նիկոլ Փաշինյան

11:10 • 09.06.20

Ազգային անվտանգության ծառայությունn ուժեղ, կայացած դինամիկ կառույց է, բայց պետք է արձանագրենք, որ մարտահրավերներին նրանց արձագանքելու տեմպը, արագությունը անընդհատ բարելավվելու կարիք ունեն և Քյարամյանի առջև ես հենց այդ խնդիրն եմ դրել. ներկայացնելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ արձագանքի այն մարտահրավերներին, որոնք առաջանում են անվտանգության ոլորտում, քանի որ ժամանակի ընթացքում մարտահրավերները փոխվում են և ի հայտ են գալիս նորերը, որոնք նախկինում գուցե կանխատեսված չէին:

«Այս երկու տարին բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ժողովրդի արժեքների նկատմամբ: Հիմա եկել է պահն ամփոփելու, թե տրված ժամանակն ինչպես է օգտագործվել, պետք է հնչեն կոնկրետ պատասխաններ: 2018 թվականին, վարչապետի պաշտոնը ստանձնելով, խնդիր եմ դրել այնպիսի կառույցներում, ինչպիսին ԱԱԾ-ն և ուժային մարմիններն են, ապահովվել համակարգերի կայունություն, ստեղծել հնարավորություններ, որ ովքեր ունեն ձգտումներ ադապտացվեն նոր իրողություների նկատմամբ: Հիմա եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը: Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային, պաշտոնեական առաջխաղացման հստակ սկզբունքներ և հիմքում պետք է դրվի աշխատանքը, նվիրվածությունը , կանոնադրական և օրենսդրական խնդիրների լուծումը»:

Վարչապետի խոսքով՝ կան մարդիկ, որոնք գործում են այդ շահերին և տրամաբանությանը հակառակ և դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, որը կարևոր է ցանկացած կառույցի համար: