Ես չեմ ցանկացել հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամ որևէ ոստիկանի ընկալել որպես բարիկադների այն կողմում գտնվողն մարդ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:17 • 09.06.20

Ես չեմ ցանկացել հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամ որևէ ոստիկանի ընկալել որպես բարիկադների այն կողմում գտնվողն մարդ: Բոլոր այն մարդիկ, որոնք օգտվել են հնարավորությունից և տվել են կոնկրետ արդյունքներ, իրենք պետք է տեսնեն, որ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, գնահատված լինելու բոլորովին նոր կանոններ են գործում, որ չկա ծանոթ, չկա ընկեր-բարեկամ, չկա թիկունք: Այս մասին այսօր Ոստիկանությունում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ բարդ և անսպասելի ժամանակներ, իրավիճակներ ունեցանք: Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է Ոստիկանության գործառույթներում կորոնավիրուսի համավարակն է: Ոստիկանությունը վերջին երեք ամիսներին շատ ծանր աշխատանք է կատարել ըստ էության՝ անդադար աշխատել են և այդ աշխատանքի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել: Պետք է գիտակցել, որ Ոստիկանությունը հյուծման եզրին է գտնվում և պետք է նոր էներգիա հաղորդել»,-ասաց նա:

Վարչապետը, շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու առիթով, ասաց, որ ամենաառաջին խնդիրը համարում է նոր ոստիկանապետի կողմից այդ էներգիան հաղորդելը, ոստիկանությանը նոր լիցք տալը՝ համավարակի դեմ պայքարը:

«Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյոյր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից, ոստիկանի տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, ընկալի որպես յուրայինի, մերձավորի, ում առանց կասկածի պետք է դիմել:

Երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ ունեցել է բարդություններ: Երբեմն եղել է, որ պատկառանքի դոզան եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի և սրանից բխող նեգատիվ այլ զգացումների հետ: Երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ձգվածության և զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել: Սա իրականում ամենաբարդ խնդիրն է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս գործառույթների պահպանումը պահանջում է երկարատև աշխատանք։

Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոստիկան պետք է իրեն ընկալվի՝ որպես վարչապետի ներկայացուցիչ, որը շփվում է ժողովրդի, քաղաքացիների հետ, այդ թվում հանցագործների և իրավախախտների հետ: Վարչապետը նշեց, որ հանցագործները պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, իսկ օրինապահ քաղաքացիները պետք է զգան թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն:

Փաշինյանը շեշտեց, որ իր առաջնային նպատակը ուժային կառույցներին կայուն տեսնելն է, և նա հեղափոխությունից հետո չի ցանկացել ոստիկաններին ժողովրդի դեմ օգտագործել: «Դո՛ւք, բոլորդ վկա եք, որ այդպիսի վերաբերմունքի որևէ դրսևորում չի եղել: ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են այդ շանսը՝ դիրքավորվել նոր Հայաստանի, նոր արժեքների, նոր նպատակների: Հիմա ժամանակ է ամփոփել, թե ով, ինչպես է օգտագործել այդ հնարավորությունը: Հաջորդ խնդիրը հենց սա է, պարո՛ն Ղազարյան, տեսնել, թե այդ հնարավորությունն ով, ինչպես է օգտագործեն»:

Մանրամասները՝ տեսանյութում