Մայիսի 9-ի փողոցում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքով հոսպիտալացված 28-ամյա երիտասարդը մահացել է․ Ոստիկանություն

19:28 • 09.06.20

Հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ: