«Նրանց 99%-ը գերազանց մարդիկ են»․ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում կրճատել ոստիկանության ֆինանսավորումը

09:21 • 09.06.20

Միացյալ Նահանգների իշխանությունները չեն լուծարի ոստիկանությունը և չեն պատրաստվում կրճատել գերատեսչության ֆինանսավորումը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրում է ABC-ն։

«Մենք գերազանց իրավապահներ ունենք, ես նրանցով չափազանց հպարտ եմ։ Չի լինի ֆինանսավորման կրճատում, չի լինի մեր ոստիկանության լուծարում։ Մեր ոստիկանությունը թույլ է տալիս մեզ ապրել խաղաղ, մենք պետք է վստահ լինենք, որ նրանց շարքերում չկան վատ մարդիկ, երբեմն սարսափելի երևույթների ենք ականատես լինում, ինչպես վերջերս, բայց նրանց 99%-ը գերազանց մարդիկ են», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Իր հերթին, ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը նույն միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները ոստիկանների ուժի կիրառման չափանիշների հարցի շուրջ պատրաստ են աշխատել իրավապահների հետ:

«Ինձ հայտնի է, որ ոստիկանության ղեկավարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում որոշ հարցերում ուժի կիրառման վերաբերյալ հստակության և առաջարկությունների նկատմամբ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ համատեղ աշխատանքին»,- ասել է Բարրը։

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները երկուշաբթի օրինագիծ են ներկայացրել, որն ուղղված է ոստիկանական համակարգում զանգվածային բարեփոխումների անցկացմանը՝ ի պատասխան երկրում զանգվածային բողոքի ակցիաների: