Այս պահի դրությամբ ունենք 35 վարակակիր, 20-ը բուժվել են, 82-ը ինքնամեկուսացած են․ Ֆելիքս Ցոլակյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը համավարակի հայտարարաման առաջին իսկ օրերից իր ամբողջ ներուժով միացել է պայքարին։ Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով, հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911-ի կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ։
«Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983 –ին տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն։ Սահմանափակումների հետ կապված ԱԻՆ հոգեբանական աջակցության ծառայությունն անցել է հեռավար ծառայության։ Քաղաքացիները կարող են հոգեբանական աջակցություն ստանալ նաև տեսակապի միջոցով՝ զանգահարելով 911 ծառայության»,- ասաց նախարարը։
«Ցավոք, մեր համակարգում ևս կան վարակվածներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս պահի դրությամբ ունենք 35 վարակակիր, 20-ը բուժվել են ու վերադարձել, 82 –ը ինքնամեկուսացված են»,- ասաց Ցոլակյանը։
Նախարարն ասաց նաև, որ ամառային սեզոնի հետ կապված ԱԻՆ ահազանգերն օրեցօր ավելանում են, ուստի քաղաքացիներին հորդորեց պահպանել անվտանգության բոլոր միջոցառումները՝ աջակցելով փրկարարների աշխատանքին:










