Հայաստանը ներառվել է սահմանների բացվելու դեպքում Ռուսաստանի բնակիչների՝ շրջագայության համար նախընտրած ուղղությունների ցանկում

13:59 • 09.06.20

Ճանապարհորդությունների պլանավորման ռուսական ծառայությունը հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե Ռուսաստանի քաղաքացիները սահմանափակումների ամբողջական չեղարկման դեպքում որ երկիր այս ամառ կնախընտրեին մեկնել․ Հայաստանը հայտնվել է ռուսների նախընտրած ուղղությունների ցանկում, գրում է rg.ru կայքը։

OneTwoTrip ծառայության անցկացրած հարցման մասնակիցների մոտ քառորդ մասը (24%) պատրաստվում է հանգիստը հենց ռուսական հանգստյան գոտիներում անցկացնել, հարցման մասնակիցների մոտ 52%-ը սահմանների չբացվելու դեպքում չի նախատեսում երկրի ներսում հանգիստն անցկացնել։

«Սահմանները բացելուց հետո ռուսների մեծ մասը (38,1%) կցանկանային եվրոպական կուրորտային երկրներ՝ Իտալիա, Իսպանիա, Հունաստան մեկնել։ 23,4%-ին գրավում են Մերձբալթյան երկրները, Հայաստանը, Բուլղարիան, և այլն։ 14,8%-ը կմեկներ Աֆրիկա, 12,6%-ը ՝ Ասիա։ Հարցվածների 5,6%-ը կցանկանար մեկնել Ամերիկա, իսկ 5,5%-ը՝ Ավստրալիա»,- փաստում են հարցման տվյալները։

Նշվում է, որ հարցմանը 2 100 մարդ է մասնակցել։