Ավստրիայում որոշել են արգելել 40 եվրոյից էժան ավիատոմսերի վաճառքը
Ավստրիայի կառավարությունը որոշել է արգելել 40 եվրոյից էժան ավիատոմսերի վաճառքը, հայտնում է dw.com.uk-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս կերպ երկրում որոշել են պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ։ Մասնավորապես՝ երկրի կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, շարժունակության, նորարարության և տեխնոլոգիայի նախարար Լեոնորե Գեվեսլերն այս քայլը որպես «սոցիալական և բնապահպանական դեմպինգի» (շուկայական գներից ցածր ապրանքների վաճառք) դեմ գործողություն է որակել։
Նշվում է, որ այն ուղևորները, որոնք պատրաստվում են 350 կմ-ից կարճ տարածություն անցնել ինքնաթիռով, ստիպված կլինեն ևս 30 եվրո հարկ վճարել։
Ավստրիան ծրագրում է շարունակել նման միջոցառումներ ձեռնարկել, քանի որ հետագայում երկրում կարող են 3 ժամից քիչ տևողությամբ կարճ թռիչքներն ընդհանրապես արգելվել՝ այն պայմանով, որ գնացքով մեկնման այլընտրանքային տարբերակներ կլինեն։
Նշվում է, որ Austrian Airlines ավիաընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար 600 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն է ստացել։










