«Ինձ համար երջանկություն է Ձեզ նման հաճախորդին կորցնելը». աշխարհի ամենահարուստ մարդը պատասխանել է իրեն քննադատած ռասիստ հաճախորդին

10:13 • 09.06.20

Forbes հանդեսի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, իր աջակցությունն է հայտնել ամբողջ աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում նոր թափ ստացած Black Lives Matter («Սևամորթների կյանքերն արժեք ունեն») շարժմանը՝ ընդգծելով, որ չի անհանգստանում իր այս քայլի պատճառով հաճախորդների մի մասին կորցնելու առնչությամբ:

Միլիարդատերը հրապարակել է վերջին օրերին ստացած որոշ «զզվելի» նամակների էկրանակադրերը՝ ցույց տալով, թե հաճախորդներից որոշներն ինչեր են գրել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Բեզոսն այս նամակները ստացել է նրանից հետո, երբ հրապարակավ իր աջակցությունն է հայտնել սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության պատճառով սկսված բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցներին:

Բեզոսին ուղղված նամակներից մեկում հաճախորդը երդվում է այլևս երբեք գնումներ չկատարել նրա ընկերությունից: Բացի այդ, նամակի հեղինակը միլիարդատիրոջ հասցեին հայհոյանքներ և վիրավորական բառեր է գրել ցույցերի մասնակիցներին աջակցելու և, առհասարակ, աֆրոամերիկացիների կյանքի ապահովության համար անհանգստանալու վերաբերյալ:

«Ձեր աջակցությունը հայտնելով մի խումբ անպետք նեգրերի՝ Դուք կկործանեք Ձեր ընկերությունը: Սպիտակ Ամերիկան արդեն կուշտ է այդ գրողի տարած նեգրերից: Ես այժմ չեղարկում եմ իմ պատվերը և հաստատ գիտեմ, որ միայն ես չեմ, որ այդպես եմ վարվում»,-գրել է նամակի հեղինակը:

Բեզոսն ընդգծել է, որ նման բովանդակությամբ նամակները շատ են և որ դրանք թեկուզ «զզվելի են, սակայն անսպասելի չեն իր համար»:

«Այսպիսի ատելությունը չպետք է քողարկված մնա ստվերում: Շատ կարևոր է այն տեսանելի դարձնելը»,-ընդգծել է Բեզոսը:

Նա հավելել է, որ «տվյալ նամակի հեղինակը հաճախորդի այն տեսակն է, որին կորցնելն իր համար երջանկություն է»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարները պահանջել են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Նվազագույնը 11 մարդ է մահացել ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների հետևանքով:

The email addressed to Bezos and shared on his Instagram was from a customer called Dave who vowed never to shop with Amazon again

 

Bezos shared a screenshot of the email and wrote that it was just one of the number of 'sickening but not surprising' messages he has received