Կիպրոսը հունիսի 9-ից վերականգնում է այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը
Կիպրոսը հունիսի 9-ից վերականգնում է այլ երկրների հետ ավիահաղորդակցությունը, Լառնակայի և Պաֆոսի օդանավակայանները վերսկսելու են իրենց գործունեությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Կղզու օդանավակայանները կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին մարտի 21-ից, բացառություն էին միայն բեռների՝ այդ թվում հումանիտար, բժշկական ապրանքների ավիափոխադրումները, ինչպես նաև այլ երկրներից կիպրոսցիներին հայրենիք վերադարձնող չվերթները։
Կիպրոսը սահմանափակումների աստիճանական չեղարկումը սկսել է մայիսի 4-ից, այստեղ օդանավակայանների բացման և այլ երկրների հետ կապի վերականգնման երկու փուլ է նախատեսվում։ Առաջինը 2020 թվականի հունիսի 9-19-ն ընկած ժամանակահատվածն է ընդգրկելու, իսկ երկրորդը սկսվելու է 2020 թվականի հունիսի 20-ից։
Համաճարակաբանական իրավիճակի հիման վրա երկրների երկու դասակարգ է սահմանվել, որոնց հետ Կիպրոսը վերսկսել է ավիահաղորդակցությունը։ Այպիսով՝ А դասակարգը ներառում է Հունաստանը, Մալթան, Բուլղարիան, Նորվեգիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Իսրայելը, Դանիան, Գերմանիան, Սլովակիան, Լիտվան։ B դասակարգում ընդգրկվել են Շվեյցարիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Էստոնիան, Չեխիան:
Առաջին փուլում երկու դասակարգի երկրներից ճանապարհորդողներից COVID-19 բացասական թեստի պատասխանով վկայական անհրաժեշտ կլինի, որը պետք է թռիչքից 72 ժամ առաջ արված լինի։
Կիպրոսի քաղաքացիներն ու բնակիչները, իրենց հերթին, երկիր ժամանալուն պես լաբորատոր ստուգումներ անցնելու հնարավորություն կունենան։ Այդ պարագայում նրանք մինչև թեստի պատասխան ստանալը ինքնամեկուսացման ռեժիմում պետք է մնան։
Հունիսի 20-ից մեկնարկող երկրորդ փուլում A դասակարգի երկրներից ժամանած ուղևորներից վկայականներ չեն պահանջվի։ Լաբորատոր ստուգումների վերաբերյալ վկայական կներկայացնեն միայն B դասակարգի երկրներից ժամանած ուղևորները։
Այս երկու դասակարգում չներառված երկրներից Կիպրոս ժամանած քաղաքացիները ստիպված կլինեն այստեղ 14-օրյա տնային կարանտինի կանցնեն։
Կիպրոսի իշխանությունների որոշմամբ՝ երկրում CyprusFlightPass էլեկտրոնային հարթակ է ստեղծվել, որի օգնությամբ Կիպրոս մեկնել ցանկացողները պետք է նախապես անհրաժեշտ տեղեկություն և փաստաթղթեր ներկայացնեն։
Կիպրոսում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 970 մարդ, մահացել է 25-ը։










