«Մի՞թե դուք եք Թուրքիայի գլխավոր վարչակազմը». Էրդողանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր որոշման վերաբերյալ Հունաստանի դժգոհություններին

16:36 • 09.06.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր նախաձեռնության վերաբերյալ Հունաստանի դժգոհություններին: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

«Մի՞թե դուք եք Թուրքիայի գլխավոր վարչակազմը»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալու հարցը որոշվելու է Պետական խորհրդում և երկրի խորհրդարանում:

«Որոշումն ընդունվելու է Թուրքիայի պետական կառույցների կողմից, և այդ որոշման համար Թուրքիան ոչ ոքից պարտավոր չէ թույլտվություն հարցնել»,-ասել է Էրդողանը:

Մի քանի շաբաթ առաջ Կոստանդնուպոլսի գրավման 567-րդ տարին նշելիս Սուրբ Սոֆիայի տաճարում մահմեդական սուրա էր ընթերցվել: Հունաստանի արտգործնախարարությունը կտրուկ էր արձագանքել տեղի ունեցածին՝ հայտարարելով, որ դա քրիստոնյաների զգացմունքների ոտնահարում է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: