«Ճգնաժամի կառավարման առումով Վրաստանն այսօր աշխարհի ամենահաջողակ երկրներից է, և միջազգային հանրությունն ընդունում է այդ փաստը». Գախարիա

11:18 • 09.06.20

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի և ճգնաժամի կառավարման առումով Վրաստանն աշխարհի ամենահաջողակ երկրներից է, և միջազգային հանրությունն ընդունում է այդ փաստը: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Մենք տքնաջան աշխատել ենք զբոսաշրջության ոլորտի վերականգնումն արագացնելու ուղղությամբ, Էկոնոմիկայի նախարարությունն էլ շատ մեծ աշխատանք է տարել: Ինչպես հայտնի է, Վրաստանն այսօր աշխարհի ամենահաջողակ երկրներից է համաճարակային իրավիճակի և ճգնաժամի կառավարման առումով: Միջազգային հանրությունն ընդունում է այդ փաստը, և շատերը Վրաստանը հայտարարել են առաջին և ամենալավ զբոսաշրջային ուղղություններից մեկը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 818 դեպք, վարակման հետևանքով մահացել է 13 մարդ: