Հունաստանում կարանտինային ռեժիմի թուլացման ֆոնին կորոնավիրուսի վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է

13:10 • 09.06.20

Հունաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կրկին ավելացել է․ երկրում անցած հինգշաբթի օրվանից մինչև երկուշաբթի հաստատվել է COVID-19-ով վարակման 97 նոր դեպք, հայտնում է ekathimerini.com կայքը։

«Հույն բժիշկները հայտարարել են, որ հինգշաբթի օրվանից ի վեր երկրում վարակման 97 նոր դեպք է գրանցվել, որից 52-ը՝ միայն վերջին օրվա ընթացքում։ Սա ապրիլի 23-ից ի վեր երկրում գրանցված վարակման դեպքերի օրական ամենաբարձր ցուցանիշն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համավարակի սկզբից Հունաստանում գրանցվել է ընդհանուր 3049 վարակակիր, որից 182-ը՝ մահվան ելքով։

Վարակակիրների թվի ավելացմանը զուգահեռ, երկրի իշխանությունները սկսել են ամեն օր կրկին հայտնել հայտնաբերված նոր դեպքերի մասին, ինչը դադարեցրել էին անել, քանի որ վարակակիրների թիվը սովորաբար չէր գերազանցում հինգը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հունաստանում հերթական անգամ թուլացրել են կարանտինային ռեժիմը։ Վերսկսվել է հյուրանոցների, ամառային կինոթատրոնների, լողավազանների, ամուսնական գործակալությունների, մի շարք սրահների գործունեությունը։

Ինչպես հայտնի է, հունիսի 15-ից Հունաստանը ծրագրում է վերաբացել զբոսաշրջային սեզոնը և համաճարակային դրական իրավիճակ ունեցող 29 այլ երկրի քաղաքացիների ընդունել։