«Ազգի դավաճաններ». Հս. Կորեայում պետական սահմանը հատած և Հարավ փախած անձանց դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել

13:33 • 09.06.20

Հյուսիսկորեացի ուսանողները երկրի տարբեր անկյուններում հունիսի 7-ին և 8-ին բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ դատապարտելով պետական սահմանը հատած և Հարավային Կորեա փախած իրենց համերկրացիներին:

Ինչպես նշում է ria.ru-ն, ակցիաներին մասնակցել են մայրաքաղաք Փհենյանից և մի շարք շրջաններից երիտասարդ ուսանողներ, որոնք «չեն կարողացել իրենց զայրույթը զսպել սահմանախախտների չմտածված քայլի վերաբերյալ»:

Նրանք նշել են, որ այդ ամենը տեղի է ունեցել Հարավային Կորեայի իշխանությունների լուռ համաձայնության ներքո:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Հարավային Կորեայի հետ սահմանային Քեսոն և Ռասոն քաղաքներից փախուստի դիմած հյուսիսկորեացիների մասին է:

Ակցիայի մասնակիցները կրել են «ազգի դավաճաններ», «պատրաստ ենք կյանքի գնով պաշտպանել» և «միայն հրաման տվեք» կարգախոսերով ցուցանակներ:

Հունիսի 4-ին Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Ե Չժոնը, դատապարտել էր Հարավային Կորեա փախած անձանց կողմից Փհենյանի դեմ թռուցիկների տարածումը: Նա սպառնացել էր այս առնչությամբ Սեուլի անգործության դեպքում՝ չեղարկել ավելի վաղ Հարավային Կորեայի հետ ձեռքբերված համաձայնությունները: 

Քաղաքական գործիչը նշել էր, որ եթե հարավկորեական իշխանությունները չդադարեցնեն թռուցիկների հոսքը, ապա Փհենյանը կարող է «ռազմական ոլորտում Հյուսիս-Հարավ համաձայնագրի չեղարկման», «Քեսոն» համատեղ արդյունաբերական պարկի աշխատանքի դադարեցման ու Հյուսիս-Հարավ կապի համատեղ գրասենյակի փակման քայլերի գնալ:

Նշվում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԿԺԴՀ-ի դեմ փուչիկների միջոցով հազարավոր թռուցիկներ են տարածվել ապառազմականացված գոտու հյուսիսային մասում: Քարոզչական թռուցիկներում քննադատվում են Կիմ Չեն Ինի քաղաքականությունը, նրա միջուկային հավակնություններն ու նրա կողմից մարդու իրավունքների ճնշումը: