Համոզված եմ՝ Ձեր ղեկավարությամբ ԶՈՒ-ն ամեն օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա հետ կդառնա ավելի մարտունակ. վարչապետը բարձրագույն սպայական կազմին ներկայացրեց ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին (տեսանյութ)

09:51 • 09.06.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն սպայական կազմին ներկայացրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին:

Նա նախ շնորհակալություն հայտնեց գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ ԶՈւ ԳՇ պետի պոշտոնում կատարված աշխատանքի համար. «Պետք է արձանագրել, որ այս ընթացքում ԶՈւ-ում իրոք հսկայածավալ աշխատանք է կատարվել, հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, և իհարկե ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը  դեռ պետք է իրագործվի»,-նշեց նա:

Նա նշեց նաև, թե Արտակ Դավթյանի հետ առաջիկայում կվերլուծեն իրենց համատեղ աշխատանքը. «Կարձանագրենք, թե ինչ է մեզ մոտ ստացվել, ինչ է, որ չի ստացվել, և հույս ունեմ, որ մենք կգանք ընդհանուր եզրակացությունների և՛ կատարվածի, և՛ հետագա անելիքների վերաբերյալ»,-հավելեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ Գասպարյանը ԶՈւ-ում նոր մարդ չէ, և Դավթյանի նման անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով:

«Վարչապետի կարգավիճակում ավելի մոտիկից շփվելով մեր զինված ուժերի հետ՝ մի շատ կարևոր և հաճելի արձանագրում եմ արել, որ, ըստ էության, կարող ենք ասել, որ զինվորականությունը՝ որպես խավ, կայացել է ՀՀ-ում, և զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում, և որի առկայությույը ամենակարևոր երաշխիքն է մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր լինելիության»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ինչպես ցանկակած պետություն, ՀՀ-ն նույնպես ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց, ըստ Փաշինյանի, ՀՀ ներքին մարտահրավերները երբեք այնքան ընդգծված և այնքան ուժեղ չեն լինելու, ինչքան արտաքին մարտահրավերները. «Այս գործում, իհարկե, մեր հիմնական ուժը, երաշխիքը ԶՈւ-ն է, և ՀՀ կառավարությունը, ոչ միայն այսօրվա կառավարությունը, այլ որևէ Կառավարություն, պարտավոր է ամեն ինչ անել ԶՈւ-ի համար՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու պայմաններ ստեղծելու համար»,-ասաց նա:

Դիմելով Գասպարյանին էլ՝ վարչապետը նշեց, թե համոզված է, որ նորանշանակ ԶՈւ ԳՇ պետն ամբողջապես ներգրավված է եղել տեղի ունեցող պրոցեսներին. «Եվ համոզված եմ, որ փոփոխությունների ժառանգականությունը ոչ միայն կապահովվի, այլև մեր օրակարգը և մեր խնդիրների լուծման որակն էլ ավելի կբարելավվի, և Ձեր ղեկավարությամբ զինված ուժերը ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ կդառնան ավելի մարտունակ: Մենք այդ խնդիրը, ըստ էության, միասին ենք ձևակերպել: Մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ ՀՀ ԶՈւ իմիջը և ԶՈւ նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը, սերը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և սա ամենալավ արձանագրումն է, որ մենք կարող ենք անել, և մեր խնդիրն է ԶՈւ-ում ծառայության իմիջը հավասարեցենլ, կամ, առնվազն, էականորեն մոտեցնել ԶՈւ իմիջին, և մենք սկսել ենք այդ գործընթացը և պետք է արձանագրենք հետևյալը, որ զինվորականությունը պետք է մշտապես զգա իր կյանքում փոփոխություն»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց՝ ՀՀ-ում բոլոր քաղաքացիները, բայց առավել ևս զինվորականները պետք է լավ ապրեն. «Նրանք ՀՀ ինքնիշխանության, պետականության ողնաշարն են, և ՀՀ-ն, Կառավարությունը, հանրությունը, ժողովուրդը պետք է հոգ տանի սրա մասին, որովհետև ԶՈւ-ի, զինվորականության ինքնազգացողությունը ամենակարևոր հանգամանքներից է, որը կանխորոշում է մեր ապագան»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ-ում կա բավարար ներուժ, ընկալում՝ այս խնդիրը լուծելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: