Մալթայի իշխանությունները բնակիչներին ռեստորաններից, խանութներից և բարերից օգտվելու համար 100 եվրոյի վաուչերներ կբաժանեն
Մալթայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսության խթանման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակում բնակիչներին հյուրանոցներում բնակվելու, բարեր, ռեստորաններ և խանութներ այցելելու համար 100 եվրոյի վաուչերներ կբաժանեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«16 տարեկանից բարձր յուրաքանչյուր բնակչի 100 եվրոյի վաուչեր կտրամադրվի։ Տեղական տնտեսությունը ճգնաժամից հանելու համար գումարն անհրաժեշտ է օգտագործել հյուրանոցներում, ռեստորաններում և խանութներում: Եկեք խթանենք մեր բիզնեսը»,- ասվում է կառավարության թվիթերյան օգտահաշվում հրապարակված հայտարարության մեջ։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մալթայի յուրաքանչյուր բնակիչ 20 եվրոյի չափով հինգ վաուչեր կստանա։ Միևնույն ժամանակ դրանցից 4-ը պետք է օգտագործվի հյուրանոցների կամ ռեստորանների ծառայության վճարի մարման, իսկ հինգերորդը՝ խանութներում գնումներ կատարելու համար։ Երկրի վարչապետ Ռոբերտ Աբելի խոսքով՝ 4 վաուչեր հնարավոր կլինի միաժամանակ օգտագործել։
Կառավարությունը հույս ունի, որ նման միջոցառումը Մալթայում տեղական զբոսաշրջության զարգացմանը կնպաստի։
Ավելի վաղ երկրի վարչապետը հայտարարել էր, որ սահմանափակումների ռեժիմի թուլացման ֆոնին երկրի օդանավակայանն աշխատանքը կվերսկսի հուլիսի 1-ից։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մալթայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 630 դեպք, որից 8-ը՝ մահվան ելքով։










