Ամերիկյան Պորտլենդ քաղաքի ոստիկանության ղեկավարը Ջորջ Ֆլոյդի մահից հետո քաղաքում սկսված անկարգությունների ֆոնին իր պաշտոնը փոխանցել է աֆրոամերիկացու
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ոստիկանության ղեկավար Ջամի Ռեշը քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ու անկարգությունների ֆոնին հրաժարական է տվել` պաշտոնը փոխանցելով աֆրոամերիկացու: Այս մասին տեղեկանում ենք Ռեշի թվիթերյան էջից:
«Պորտլենդի ոստիկանությունը պետք է փոփոխությունների առաջամարտիկը լինի: Դա սկսվում է հավատից: Ղեկավարության այս փոփոխությունն իմ սրտից է: Չակ Լովելն իր ամբողջ կյանքը նվիրել է ծառայությանը: Ես 100%-ով վստահում եմ նրան և նրա ղեկավարմանը»,-գրել է Ջամի Ռեշը:
Ռեշին քննադատում էին սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի մահից հետո քաղաքում առաջացած անկարգություններին շատ թույլ արձագանքելու համար:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:










