Ռուս-ադրբեջանական սահմանին հայրենիք վերադառնալ չկարողացող Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ արդեն մի քանի օր է՝ հացադուլ են հայտարարել
Ռուս-ադրբեջանական սահմանին հայրենիք վերադառնալ չկարողացող Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ արդեն մի քանի օր է՝ հացադուլ են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
Սահմանին արդեն 44 օր գտնվող Ասիմ Թագիևը երեկ տեղեկացրել է, որ բաց երկնքի տակ ապրող մարդիկ հուսահատությունից հացադուլ են հայտարարել: Հացադուլավորների թիվն աստիճանաբար աճելով հասել է շուրջ 150-ի:
«Մենք մի պահանջ ունենք. թող բացեն սահմանը, որ մենք կարողանանք տուն վերադառնալ: Երեկ քաղցած մարդիկ անձրևի տակ են եղել, իսկ այսօր` կիզիչ արևի»,-ասել է Թագիևը:
Նրա խոսքով` սահմանին Ադրբեջանի 700-800 քաղաքացի է կուտակվել: Նրանցից շատերն ավելի քան երկու ամիս սպասում են Ադրբեջան մտնելուն:
«Այստեղ ավելի շատ մարդիկ կային, բայց շատերը հոգնեցին սպասելուց և վերադարձան Ռուսաստան»,-տեղեկացրել է Ադրբեջանի քաղաքացին:
Ադրբեջանում կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը փուլային տարբերակով են իրականացնում` ըստ ենթակառուցվածքների պատրաստության աստիճանի և պարտադիր կարանտինային ռեժիմի:










