Սեուլի դատարանը հրաժարվել է կալանավորել Samsung-ի՝ խարդախության համար մեղադրվող փոխնախագահին

11:34 • 09.06.20

Սեուլի դատարանը մերժել է դատախազության՝ Samsung տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Լի Չժե Յոնին կալանավորելու վերաբերյալ դիմումը, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ դատախազությունը ցանկանում էր կալանավորել գործարարին մինչ ընթանում էր նրա մասնակցությամբ խարդախության վերաբերյալ գործի քննությունը:

Հայտնի է, որ Լի Չժե Յոնը տվյալ գործի շրջանակում մեկ տարի բանտում է անցկացրել՝ ազատություն ստանալով 2018թ. փետրվարին:

Դատախազությունը դատարանի որոշումը «ափսոսելի» է որակել՝ ընդգծելով, որ կշարունակի հավելյալ ապացույցներ հավաքել ընդդեմ Լիի, որպեսզի ապագայում վերջինիս կալանավորման համար բավարար հիմքեր լինեն:

Լիի դեմ մեղադրանքներն առնչություն ունեն 2015թ. ծագած սկանդալի հետ, երբ Cheil Industries և Samsung C&T ընկերությունները միաձուլվել էին և դրա արդյունքում Լին, օգտագործելով սողանցք, դարձել էր կոնգլոմերատի միանձնյա ղեկավար:

Այժմ Լին մեղադրվում է փոխնախագահի պաշտոնը ոչ իրավաչափ ժառանգելու համար: Այս առնչությամբ նա հայտարարել է, որ կոնգլոմերատի կառավարման իրավունքը ժառանգաբար իր երեխաներին չի փոխանցի, ինչպես որ դա պատահեց իր դեպքում: