Բրազիլիայի գերագույն դատարանը Բոլսոնարուի վարչակազմին 48 ժամ է տվել կորոնավիրուսի դեպքերի մասին տվյալների հրապարակումը վերսկսելու համար

14:38 • 10.06.20

Բրազիլիայի գերագույն դատարանի դատավորը Ժաիր Բոլսոնարուի վարչակազմին կարգադրել է վերսկսել Covid-19-ի ամբողջական վիճակագրության հրապարակումը, երբ Առողջապահության նախարարությունն օրերս դադարեցրել էր հրապարակել երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի մասին տվյալները՝ առաջացնելով տեղական և միջազգային հանրության դժգոհությունը, գրում է The Guardian-ը։

Հաղորդվում է, որ երկուշաբթի երեկոյան Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը նախագահի վարչակազմին 48 ժամ է հատկացրել տեղեկությունների հրապարակումը վերսկսելու համար։

Սենատում ընդդիմության առաջնորդ Ռանդոլֆ Ռոդրիգեսը Twitter-ում ողջունել է այդ քայլը՝ նշելով, որ «այժմ կառավարությունը պարտավոր է հրապարակել համավարակի մասին տվյալները՝ առանց քողարկումների կամ մանիպուլյացիայի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի իշխանությունները դադարել են երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի մասին տվյալներ հրապարակել։

Այդ քայլին հաջորդել էին կիրակի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վարած քաղաքականությանը դեմ մարդկանց զանգվածային ցույցերը։

Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս եկել «Ընդդեմ ռասիզմի և ֆաշիզմի» և «Ահաբեկչությունը ոչնչացմանն ուղղված կառավարության քաղաքականությունն է» պաստառներով։

Ավելի վաղ Բոլսոնարուն սպառնացել էր նաև դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ հայտարարելով. «Ես հենց հիմա հայտարարում եմ՝ Միացյալ Նահանգները լքել է ԱՀԿ-ն, և մենք նույնպես ապագայում դիտարկում ենք այդ հնարավորությունը։ Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք։ Մեզ պետք չէ, որ դրսից մարդիկ մատնանշեն՝ ինչ անել մեր առողջապահության ոլորտում»։

worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալներով՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 742 084 դեպք, 38 497-ը՝ մահվան ելքով։