Johnson & Johnson ընկերությունը հուլիսին կսկսի կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

20:52 • 10.06.20

Ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ հուլիսի երկրորդ կեսին կսկսի կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը:

Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ նշելով, որ փորձարկումների մեկնարկն ավելի վաղ նախատեսվում էր սեպտեմբերին: «Հիմնվելով նախակլինիկական ուսումնասիրության տվյալների վրա և համագործակցելով համակարգող մարմինների հետ՝ մենք կարողացել ենք արագացնել SARS-CoV-2-ի մեր փորձնական պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրության փուլը»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Պոլ Ստոֆելսը:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումներն ընկերությունը սկսել էր հունվարին:

Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ եթե պատվաստանյութի փորձարկումները հաջող անցնեն, ապա նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլը 600-900 մլն չափաբաժին արտադրել:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ ԱՄՆ Առողջապահության հարցերով ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում պատվաստանյութի կլինիկական փորձարկումները հուլիսին կսկսի նաև Moderna ընկերությունը, որի ղեկավարը ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանն է:

Johnson & Johnson ընկերությունը հուլիսին կսկսի կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները