Գիտնականները կորոնավիրուսի տեսակների «գաղտնի պահեստներ» են հայտնաբերել Վիետնամի վայրի կենդանիների շուկաներում
Վիետնամի շուկաներում վաճառվող վայրի կենդանիների վիրուսների զանգվածային հաշվարկումն ու գրանցումը ցույց է տվել, որ սովորական առնետների մեկ երրորդից ավելին և յուրաքանչյուր 16-րդ բամբուկի առնետ կորոնավիրուսի տարբեր շտամերի կրող են եղել:
Գիտնականները նշում են, որ այդ կենդանիները կարող են դառնալ հաջորդ համաճարակների աղբյուրը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, գիտնականներն իրենց ուսումնասիրությունը հրապարակել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում:
«Մենք հայտնաբերել ենք, որ առևտրային շղթայի շարժին զուգահեռ՝ որսի պահից մինչև ռեստորանում հայտնվելը, վարակված կենդանիների քանակն այդ գործընթացում ավելանում է: Այդ վիրուսների՝ մարդուն փոխանցվելու վտանգը նվազեցնելու համար խորհուրդ ենք տալիս սահմանափակել վայրի կենդանիների որսը, վաճառքն ու տեղափոխումը»,- հայտնում են մասնագետները:
Նշվում է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որ COVID-19-ի հարուցիչն է, կարող է ներթափանցել ոչ միայն մարդու օրգանիզմ, այլև շատ այլ կաթնասունների: Կենսաբանների վերջերս կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ նման կենդանիների թվում են կապիկները, կատուներն ու կզաքիսները: Վիրուսը նրանց վրա գրեթե նույն ազդեցությունն է ունենում, ինչ և մարդկանց:
Այս հիվանդության սկզբնական աղբյուրը, ինչպես ներկայում ենթադրվում են համաճարակաբանները, չինական չղջիկներն են եղել:
Գիտնականները վայրի կենդանիների և կրծողների արյան փորձանմուշներ են հավաքել Վիետնամի 70 նման շուկաներից և տասնյակ բուծարաններից, որպեսզի պարզեն, թե արդյոք այդ կենդանիների միսը կարող է նպաստել վիրուսների տարածմանը: Փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ կենդանիների արյան մեջ միանգամից 6 տարբեր տեսակի կորոնավիրուսների հետքեր են եղել: Դրանց մի մասը դասվում են ալֆակորոնավիրուսների շարքին, որոնք մոտ են մրսածության հարուցիչներին, իսկ մյուսները՝ բետակորոնավիրուսների, որոնց թվին է պատկանում նաև SARS-CoV-2-ը:










