Պեսկովը հայտնել է, թե ինչու Ռուսաստանն Ուկրաինայի նախագահին չի հրավիրել Մոսկվայում տեղի ունենալիք Հաղթանակի զորահանդեսին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանին նվիրված զորահանդեսին, որը տեղի կունենա Մոսկվայում, հայտնում է eadaily.com կայքը՝ հղում տալով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը։
«Որքանով ես եմ տեղյակ, (հրավեր-խմբ․) չի ուղարկվել։ Շեշտը դրվում է ԱՊՀ պետությունների ղեկավարներին պաշտոնական հրավերների թարմացման վրա։ Ինչպես գիտենք, Ուկրաինան դե-ֆակտո և շատ հարցերում դե-յուրե ԱՊՀ անդամ չի հանդիսանում, որևէ կերպ այս կառույցներում աշխատանքը շարունակելու ցանկություն չի հայտնում»,- նշել է նա։
Մամուլի խոսնակը հավելել է, որ Կրեմլում հաշվի են առել նաև հրավիրված երկրների առաջնորդների՝ Մոսկվա մեկնելու պատրաստակամությունը։
«Մի շարք գործընկերներ ունենք, որոնք գալու, մեր ուրախությունը կիսելու ցանկություն են հայտնել։ Ուկրաինան ոչ մի անգամ Հաղթանակի օրվա տոնակատարության ուրախությունը մեզ հետ կիսելու ցանկության նշան ցույց չի տվել»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել է, որ վարչապետը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում տեղի ունենալիք Հաղթանակի զորահանդեսին։ ՀՀ կառավարության ղեկավարի այցի հստակ ժամկետը դեռևս պարզ չէ, սակայն մասնակցությունը հաստատված է։
Մայիսի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ Հաղթանակի զորահանդեսը կանցկացվի հունիսի 24-ին:










