Իմ տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձորից են. ինքնաշեն միջոցներով փորձել են մտնել այդ մարած խորշերը՝ միգուցե հանքաքարեր հանելու. Կոտայքի մարզպետը՝ հանքախորշում եղած դեպքի մասին

14:24 • 10.06.20

Դեպքը տեղի է ունեցել ոսկու հանքի դատարկ, արդեն իսկ շահագործված և փակ հանքախորշում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Մեղրաձորի հանքերից մեկում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով 3 քաղաքացի մահացել է:

«Դեռևս պաշտոնապես չհաստատված, բայց իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, որոնք ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնելու այդ մարած խորշերը՝ միգուցե սիրողական մակարդակով հանքաքարեր հանելու»:

Հարցին՝ ինչու՞ անվտանգությունից ելնելով՝ այնպես չի արվում, որ նման վայրեր մուտք գործելու հնարավորություն չլինի, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ քրեական գործ է հարուցվելու, և դա նախաքննությունը կպարզի:

«Կարող եմ ասել, որ մարած մի քանի տասնյակ հանքախորշերի վրա ֆիզիկապես հսկողություն դնելը դյուրին գործ չէ, միգուցե պարտավոր էին անելու, ամեն դեպքում, շատ ցավալի է»:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ տուժած քաղաքացիները մտել են տարածք՝ օգնություն ցույց տալու, գուցե ԱԻՆ-ը տեղում չի՞ եղել, Պետրոսյանը պատասխանեց, թե տեղում են եղել ոստիկաններն էլ, ԱԻՆ-ն էլ:

«Այդ քաղաքացիները տվյալ հանքավայրի աշխատակիցներ են, հանքափորներ, որոնք քաջ ծանոթ են եղել հանքուղիներին և ներգրավվել են իրավապահներին օգնելու համար, որ քաջատեղյակ մարդիկ ներս մտնեն տարածք»:

Պետրոսյանի տեղեկացմամբ՝ զոհերից բացի կան 4-5 քաղաքացիներ, որոնք թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: