«Վրաստանի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է օգնություն պատրաստել Հայաստանի համար, Հայաստան բուժանձնակազմ կուղարկվի». Գախարիա

12:33 • 11.06.20

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում օգնություն պատրաստել Հայաստանի համար: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Գախարիան նշել է, որ օգնության խնդրանքով Հայաստանն է դիմել Վրաստանին:

«Մեր հարևան երկրներում իրավիճակը շատ մտահոգիչ է: Ես անձամբ ամենօրյա կապ եմ պահպանում Հայաստանի վարչապետի, առողջապահության, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հետ, և մենք արդեն հստակեցրել ենք, թե ինչ օգնություն է պետք մեր հարևանին: Փոխադարձ աջակցությունը շատ կարևոր է, և Առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է տրամադրել Հայաստանին»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Օգնությունը, ըստ նրա, առաջին հերթին կլինի բուժանձնակազմի տեսքով. Հայաստան բուժանձնակազմ կուղարկվի: «Այդպիսի խնդրանքով է մեզ դիմել հարևանը»,-ասել է Գախարիան:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 669 դեպք, վարակման հետևանքով մահացել է 327 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 828 և մահվան 13 դեպք: