Ռուսաստանի և այլ երկրների միջև օդային հաղորդակցությունը հնարավոր է վերսկսվի հուլիսի 15-ից․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ռուսաստանի և այլ երկրների միջև օդային հաղորդակցությունը հնարավոր է վերսկսվի հուլիսի 15-ից։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության երկրներին, բայց ավելի հստակ պարզ կլինի՝ հաշվի առնելով այդ երկրներում առկա համաճարակաբանական իրավիճակը:
«Համավարակի պատճառով ՌԴ-ում այլ քաղաքացիների աշխատանքային գործունեության շարունակությունը խնդրահարույց է դառնում։ Այս հարցը կկարգավորվի տնտեսության վերականգնմանը զուգահեռ։ Սահմանափակող այլ գործոններ չեմ տեսնում»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով համավարակի ընթացքին՝ դեսպանը նկատեց, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ապահովել է 981 ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք:
«Կոչ եմ անում Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին, որպեսզի հետևեն համացանցում դեսպանատան տարածած տեղեկատվությանը։ Մենք մշտապես հրապարակում ենք մեր քաղաքացիների վերադարձին վերաբերող տեղեկատվությունը»,-ասաց դեսպանը։










