Մենք շատ սերտ աշխատում ենք պարետատան շրջանակում, անմիջապես և՛ պարետի, և՛ առողջապահության նախարարի հետ. Զոհրաբ Մնացականյան

16:59 • 11.06.20

Մենք այս ժամանակահատվածում հստակ աշխատել ենք, հիմնվել ենք մեր ռեսուրսի վրա, կառուցել ենք բոլոր անհրաժեշտ կարողությունները՝ այս համավարակի ընթացքում. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ է, որ ԱԳՆ-ն դիմել է դեսպանատներին՝ արտերկրից բժշկական օգնություն ստանալու համար:

«Մենք շատ սերտ աշխատում ենք պարետատան շրջանակներում, անմիջապես և՛ պարետի, և՛ առողջապահության նախարարի հետ: Այդ ամենը գնահատվում է՝ ըստ պահանջի և ըստ անհրաժեշտության»:

Դտարկմանը, թե ի՞նչ օգնության մասին է խոսքը, տեխնիկական աջակցությա՞ն, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.

Կան տարբեր օգնություններ. «Այս շրջանում, հիշո՞ւմ եք, մենք խոսել ենք այդ մասին, որքան պատրաստակամություն են հայտնել օգնության համար: Իրապես, սա այս պայմաններում բազմակողմանիության և համերաշխության արտահայտություններից մեկն է, որ մենք՝ բոլորս միասին, բոլորիս օգնում ենք: Սա շատ էական հարց է, միջազգային համագործակցության դերակատարությունն այդ առումով առավել արտահայտված է նման ճգնաժամային իրավիճակներում, որը վերաբերում է բոլորին»:

Հարցին, թե քանի՞ պետությունից կան օգնության տվյալներ, ԱԳ նախարարը նշեց, որ կան տվյալներ ոչ միայն երկրներից, այլև միջազգային կազմակերպություններից: «Կան երկրներ, որոնք արտահայտել են իրենց պատրաստակամությունը, օրինակ՝ ԵՄ կողմից եղել է պատրաստակամություն: Իսկ ինչպիսի հատկացումների մասին է խոսքը՝ ՄԱԿ-ի շրջանակում կան տարբեր հարթակներ: Բայց ՄԱԿ-ն ինքը չէ գումար հատկացնում, այլ դոնորների միջոցով է կարողանում ստեղծել ֆոնդեր և նշել, թե ինչպես և ում պետք է օգնել: Հիշո՞ւմ եք, երբ գնում էինք մեծ թվով տարբեր պարագաներ, սարքավորումներ և Չինաստանից բերում էինք Հայաստան, այդ ժամանակ համադրում էինք այն, ինչ մենք էինք գնել և այն, ինչ մենք կարողացել ենք ապահովել՝ որպես աջակցություն, ՄԱԿ Համաշխարհային պարենի ծրագրի միջոցով: Մենք ունենք երկար ցանկ, թե որտեղից ինչ պատրաստակամություն կար, ինչպիսի ձևեր կան: Կօգտագործենք դա՝ ըստ անհրաժեշտության»:

Նախարարը նշեց, որ հիմնվում են հետևյալի վրա. ինչ է անհրաժեշտ մեզ համար, ինչ ենք մենք անում մեր ներուժով և ինչպես ենք օգտագործում միջազգային հաղորդակցությունը, որպեսզի առավել համալրենք մեր ներուժը: Քանի որ շատ կարևոր է միջազգային համերաշխությունը և համագործակցությունը»: