ԱՄՆ-ում սկսվել է կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար մշակված առաջին «հակամարմնային կոկտեյլի» փորձարկումը մարդկանց վրա

21:19 • 11.06.20

ԱՄՆ-ում սկսվել են կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար նախատեսված դեղամիջոցի զանգվածային փորձարկումները: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Regeneron դեղագործական ընկերությանը:

Նշվում է, որ սա կորոնավիրուսի դեմ «հակամարմնային կոկտեյլ» համարվող դեղամիջոցի առաջին փորձարկումն է Միացյալ Նահանգներում: Եթե այն հաջող ընթացք ունենա, Regeneron ընկերությունից հույս են հայտնել, որ այն հասանելի կլինի աշնանը:

Կլինիկական փորձարկումները մեկնարկել են չորեքշաբթի: Ընկերությունից հայտնում են, որ «հակամարմնային կոկտեյլը» կփորձարկվի 4 տարբեր խմբերում. մարդիկ, որոնք հոսպիտալացվում են կորոնավիրուսով, մարդիկ, որոնք հիվանդության ախտանշաններ ունեն, սակայն հոսպիտալացված չեն, մարդիկ, որոնք առողջ են, սակայն գտնվում են ռիսկային գոտում և մարդիկ, որոնք սերտ շփում են ունեցել վարակվածների հետ:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ «եզակի հակավիրուսային միջոցը, որն իրենից հակամարմնային կոկտեյլ է ներկայացնում, կարող է և՛ կանխել, և՛ բուժել հիվանդությունը»:

Հակամարմինները սպիտակուցներ են, որոնք, բնականաբար, արտադրվում են օրգանիզմում՝ արտաքին վտանգներից պաշտպանվելու համար: Այս դեպքում Regeneron-ի մասնագետները երկու հակամարմին են միավորել մեկ դեղամիջոցի մեջ: