Եվրահանձնաժողովն առաջարկել է հուլիսի 1-ից աստիճանաբար բացել ԵՄ արտաքին սահմանները․ Հայաստանն առաջին փուլի երկրների ցանկում չէ

23:00 • 11.06.20

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին, որոնք ընդգրկված են Շենգեն գոտում, հուլիսի 1-ից աստիճանաբար բացել արտաքին սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ են եղել մարտի կեսերից ի վեր: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում:

Հանձնաժողովը հույս է հայտնում, որ մինչ այդ պահը հիմնականում կչեղարկվեն երկրների միջև տեղաշարժվելու սահմանափակումները:

Մինչև հունիսի 30-ը, ԵՄ սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք կացության իրավունք ունեն, փակ են լինելու: Հուլիսի 1-ից Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս բացել մուտքը մի շարք արտասահմանցիների, մասնավորապես՝ ուսանողների և բարձր որակավորում ունեցող աշխատակիցների համար, սակայն ոչ զբոսաշրջիկների:

Առաջին փուլում Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ տարածք մուտք գործելու թույլտվություն տալ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի բնակիչներին։ 

Սահմանների հետագա բացումը, ինչպես նշվում է, պետք է տեղի ունենա համակարգված՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ: Դրանցից առաջինը երկրներում տիրող համաճարակաբանական իրավիճակն է: Այդ իրավիճակը երկրներում, որոնց սահմանները բացվելու են, պետք է լինի ոչ ավելի վատ, քան Շենգեն գոտու երկրներում:  

Հայաստանի քաղաքացիների համար սահմանների բացման մասին դեռևս չի նշվում: