Ամերիկացի վիրաբույժները կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի կրկնակի փոխպատվաստում են արել

19:56 • 11.06.20

ԱՄՆ Չիկագո քաղաքի հիվանդանոցում բժիշկները հաջողությամբ փոխպատվաստել են երիտասարդ կնոջ երկու թոքերը, որոնք վնասվել էին կորոնավիրուսի պատճառով:

Ինչպես փոխանցում է CNN-ը, Northwestern Memorial Hospital հիվանդանոցից հայտնել են, որ դա ԱՄՆ-ում առաջին նմանօրինակ վիրահատությունն է եղել, որին ենթարկվել է կորոնավիրուսով վարակված հիվանդը:

Նշվում է, որ հիվանդը 20-անց կին է, որը 6 շաբաթ անցկացրել է թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված՝ գտնվելով վերակենդանացման բաժանմունքում:  

Բժիշկների խոսքով՝ իրենք պարբերաբար թեստավորել են կնոջը, և երբ նրա կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել, վերջինիս պատրաստել են վիրահատության: 48 ժամ անց վիրահատությունն իրականացվել է:

Հունիսի սկզբին արդեն կնոջ թոքերն անվերականգնելի վնասվածության նշաններ են ցուցաբերել՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ:

Բժիշկներն այժմ ցանկանում են պարզել, թե ինչպես են այդքան երիտասարդ տարիքում առողջ կնոջ թոքերն ամբողջովին վնասվել կորոնավիրուսի պատճառով: