Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան կես միլիոն մարդ

18:00 • 11.06.20

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8779 նոր դեպք՝ վարակման ընդհանուր դեպքերը հասցնելով 502 436-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները հունիսի 11-ի դրությամբ:

Վարակման ցուցանիշով Ռուսաստանի Դաշնությունը երրորդն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից (2 066 885) և Բրազիլիայից (775 581) հետո: Համաճարակի ողջ ընթացքում ՌԴ-ում ավելի քան 13.8 մլն թեստավորում է կատարվել:

Վերջին մեկ օրում վիրուսով պայմանավորված հիվանդությունից երկրում մահացել է 174 մարդ: Մահվան ընդհանուր ցուցանիշը հասել է 6532-ի:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ավելի վաղ մեկնաբանել էին ՌԴ-ում կորոնավիրուսից մահացության ցածր ցուցանիշը՝ նշելով, որ դա պայմանավորված է մեծ քանակով թեստավորման հետ:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 7.4 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 419 հազարը: