Իսպանիայում կորոնավիրուսի բուժման համար իմունոգլոբուլինի արտադրություն են սկսել

17:53 • 11.06.20

Իսպանական Grifols դեղագործական ընկերությունն առաջինն է սկսել կորոնավիրուսի դեմ հնարավոր պասիվ իմունոթերապիայի համար վարակի դեմ պայքարած մարդկանց արյան պլազմայից հակամարմիններով հիպերիմունային իմունոգլոբուլին արտադրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ընկերության հայտարարությանը։

«Grifols-ն առաջին ընկերությունն է դարձել, որը SARS-CoV-2-ի դեմ հիպերիմունային իմունոգլոբուլինի արտադրություն է սկսել՝ օգտագործելով առողջապահական ոլորտում արտակարգ դրության ընթացքում (ինչպես, օրինակ, Էբոլայի բռնկման ժամանակ) վարակի բուժման և կանխարգելման համար հատուկ իմունոգլոբուլինների մշակման ոլորտում իր մեծ փորձը և գիտելիքները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Grifols ընկերությունն ամերիկյան գերատեսչությունների, այդ թվում՝ Դեղորայքի որակի հսկողության դաշնային վարչության (FDA), ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH), Հեռանկարային կենսաբժշկական հետազոտություների և մշակումների գերատեսչության հետ համագործակցության շրջանակում կորոնավիրուսի դեմ պասիվ իմունաթերապիայի մշակմամբ է զբաղվում։

Հիպերիմունային իմունոգլոբուլինի արտադրությունն իրականացվում է ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում։

«Առաջին չափաբաժինները կլինիկական փորձարկումների շրջանակում հասանելի կլինեն 2020 թվականի հուլիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նաև հայտարարել է, որ Իսպանիայում շարունակում է կինիկակական փորձարկումները, որոնք իրականացվում են կորոնավիրուսի վարակակիրների վիճակի բարելավման կամ կայունացման համար միջերակային իմունոգլոբինի բարձր չափաբաժինների արդյունավետության գնահատման նպատակով։

Իսպանիայում կորոնավիրուսի բուժման համար իմունոգլոբուլինի արտադրություն են սկսել