Վրաստանի առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանի հետ հեռախոսազրույցում ՀՀ-ին օգնություն է առաջարկել բուժանձնակազմի և շնչառական սարքերի տեսքով և հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

17:24 • 11.06.20

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի առողջապահության նախարարությանը:

Թորոսյանը վրաց գործընկերոջն է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակն ու վիճակագրությունը:

Տիկարաձեի խոսքով` Վրաստանը Հայաստանին տարբեր տեսակի օգնություն է առաջարկել, այդ թվում` շնչառական սարքերի մատակարարում: Վրացի նախարարը նաև հանդես է եկել հայ-վրացական սահմանին նյութատեխնիկական ապահովման ստեղծման նախաձեռնությամբ, որպեսզի Վրաստանը կարողանա օգնել Հայաստանին նաև թեստավորումների շնորհիվ:

«Մենք Հայաստանին օգնություն ենք առաջարկել շնչառական սարքերի և բուժանձնակազմ ուղարկելու տեսքով: Մենք նաև առաջարկել ենք սահմանին նյութատեխնիկական ապահովում ստեղծել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան անալիզներ հանձնել: Նախարարին դուր եկավ առաջարկը, սակայն մենք դեռևս պայմանավորվել ենք, որ լրացուցիչ մանրամասները կքննարկվեն երկու երկրների փորձագետների շփումներից հետո»,-ասել է Տիկարաձեն:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 669 դեպք, վարակման հետևանքով մահացել է 327 մարդ: Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 828 և մահվան 13 դեպք: