Դուք շատ եք խաղում անձի մասնավոր կյանքի անձեռմխելիության, բարոյական արժանապատվության հետ, խնդրում եմ վերանայել այդ մոտեցումը. Ա. Սամսոնյանը՝ վարչապետին
Հարգելի իշխանություն, դուք բողոքում եք, որ ապատեղեկատվական հոսքերը խանգարում են համավարակի դեմ պայքարում, բայց եկեք նստենք ու անկեղծ խոսենք, որ դուք ամենաառաջինն եք եղել, որ տվել է ապատեղեկատվություն՝ համավարակի հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստին, երբ քննարկվում էր Արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա նկատեց, որ իշխանությունը սկզբում ասել է, որ համավարակը վտանգավոր չէ, հետո սարսափեցրել է դրանով, սկզբում ասել է, որ դիմակ կրելը պարտադիր չէ և հետո՝ պարտադիր է դիմակը: Անդրադառնալով տեղորոշմանը՝ պատգամավորը նշեց, որ դա տվեց պետությանը իրավունք՝ հավաքագրելու մարդու մասին անձնական տվյալներ և մուտք գործել մարդու մասնավոր տարածք:
«Մենք չենք ասում, որ ոստիկանությունը պետք է լինի թույլ, բայց մեր ասածն այն է, որ դուք շարունակում եք խրախուսել ոստիկանության նախկին մեթոդները, որոնք կիրառում են այսօր, և դա ոչ համաչափ է: Ինձ մոտ տպավորություն է,որ ձեր՝ ասֆալտին փռելու այլաբանական հայտարարությունները դառնում են իրականություն»,-ասաց նա և կոչ արեց մերժել այդ գործելաոճը:
Անդրադառնալով մասնավոր կյանքի անձեռմխելիությանը՝ Անի Սամսոնյանը նկատեց, որ համավարակը ցույց տվեց, թե որքանով իշխանությունները չեն կարող հարգել մարդու անձնական կյանքի, արժանապատվության իրավունքները:
«Ես կարծում եմ, որ դուք շատ եք խաղում մասնավոր կյանքի անձեռմխելիության, նրա բարոյական արժանապատվության հետ և ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի համապատասխանում ձեր ծրագրով նախատեսված երջանիկ անհատի կոնցեպտին: Ես խնդրում եմ ձեզ վերանայել այդ մոտեցումը»,-ամփոփեց նա:










