«Մենք չենք կարող փոխել կամ գրաքննության ենթարկել մեր անցյալը, չենք կարող ձևացնել, թե ուրիշ պատմություն ենք ունեցել»․ Բորիս Ջոնսոնն իր զայրույթ է հայտնել հուշարձանների վրա հարձակումների կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր զայրույթ է հայտնել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո հուշարձանների վրա հարձակումների կապակցությամբ, գրում է The Guardian-ը։
Ջոնսոնը պնդել է, որ Black Lives Matters-ի բողոքները «ծայրահեղականները վերածել են բռնության և վանդալիզմի»՝ անցյալ հանգստյան օրերին ոստիկանության վրա հարձակումները որակելով «անընդունելի» և «զարհուրելի»։
«Մենք բոլորս հասկանում ենք Մինեսոտայում տեղի ունեցածից հետո խտրականության դեմ բողոքելու օրինական ցանկությունը։ Բայց մենք չենք կարող փոխել կամ գրաքննության ենթարկել մեր անցյալը։ Մենք չենք կարող ձևացնել, թե ուրիշ պատմություն ենք ունեցել։ Մեր քաղաքներում ու գյուղերում արձանները կանգնեցվել են նախորդ սերունդների կողմից։ Նրանք տարբեր հայացքներ ունեին, տարբեր պատկերացումներ բարու և չարիքի մասին։ Բայց այդ արձանները, իր բոլոր թերություններով հանդերձ, մեզ պատմում են մեր անցյալի մասին։ Դրանք քանդելը նշանակում է ստել մեր պատմության մասին և աղքատացնել գալիք սերունդների կրթությունը», - ասել է նա:
Ջոնսոնը խայտառակություն է որակել Չերչիլի արձանի պղծումը՝ այն անվանելով «ֆաշիստական և ռասիստական բռնապետությունից այս երկրի և ամբողջ Եվրոպայի փրկության գործում նրա ձեռքբերումների մշտական հիշեցում։ Այո, նա երբեմն կարծիքներ է հայտնել, որոնք եղել և մնում են անընդունելի մեզ համար, բայց նա հերոս է եղել, և նա լիովին արժանի է իր հուշարձանին»։
Հիշեցնենք, որ ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցուցարարները մի շարք հուշարձաններ են ապամոնտաժել։
Ավելի վաղ ցուցարարները պղծել էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել էին Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։










