«ԵՄ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը երկու ամսում կրճատվել է 80 տոկոսով». եվրահանձնակատար
ԵՄ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը երկու ամսում կրճատվել է 80 տոկոսով: Այս մասին ուրբաթ հայտնել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը, գրում է tass.ru-ն։
«Հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման մակարդակը և նոր դեպքերի քանակը ապրիլի 9-ի համեմատ նվազել է 80 տոկոսով։ Սակայն համավարակը դեռ չի ավարտվել, ուստի հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կներկայացնի պատվաստանյութի ձեռքբերման եվրոպական ռազմավարությունը, հենց որ այն հասանելի դառնա»,- ասել է եվրահանձնակատարը։
Կիրիակիդեսը հիշեցրել է, որ պատվաստանյութի ստեղծման վերաբերյալ դոնորների միջազգային տեսակոնֆերանսի շրջանակներում, որն անցկացվել է մայիսին, ԵՄ-ն արդեն կարողացել է ավելի քան 8 մլրդ եվրո հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման և թեստավորման հետազոտությունների ֆինանսավորման համար:










