Քաղաքացիների՝ և՛ կորոնավիրուսով, և՛ մնացած իրողություններով պայմանավորված հանրային դժգոհությունը բավական մեծ է. Աննա Կոստանյան (տեսանյութ)
Չեմ կարող ասել՝ քաղաքական ենթատեքստ կա՞, թե ոչ: Ես չեմ կարծում, որ արտակարգ ռեժիմի ձգումն ընդդիմության համար կարող է զսպող մեխանիզմ ծառայել: Ընդդիմությունը, եթե նախատեսեր վարչապետի հանդեպ քայլեր ձեռնարկել, անկախ արտակարգ ռեժիմից՝ կաներ։ Այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արտակարգ ռեժիմի երկարաձգումը արդյո՞ք քաղաքական ենթատեքստ ունի, թե ոչ:
Նշենք, որ այսօր ԱԺ-ի դիմաց մի խումբ իրավապաշտպաններ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով թույլ տալ խաղաղ հավաքների կազմակերպումը, որին միացավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը՝ խոստանալով հարցը բարձրացնել ԱԺ-ի այսօրվա նիստում:
Դիտարկմանը, թե «ԲարգավաՃ Հայաստան»-ը Կառավարությանը 100 տոկոսով անվստահության հարց է բարձրացրել և հարցին՝ արդյո՞ք Ձեր խմբակցությունում վարչապետի և Կառավարության հրաժարականի հարց քննարկվում է, թե ոչ, Աննա Կոստանյանը պատասխանեց, որ այս պահին իրենց օրակարգում այդպիսի հարց չի քննարկվում․ «Մեր օրակարգում այս պահին քննարկվում է միայն արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն ու բյուջեի քննարկումը»:
Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն արտակարգ դրության երկարացումը պայմանավորում էին նաև Սահմանադրական դատարանի հարցը հանրաքվեով չլուծելու՝ իշխանությունների մտայնությունների հետ, քանի որ ըստ իրենց խմբակցության, իշխանությունները ռեյտինգի անկում են ունեցել, Աննա Կոստանյանը պատասխանեց, որ որոշակի առումով այդ տեսակետը կիսում է. «Քաղաքացիների հանրային դժգոհությունը և՛ կորոնավիրուսով պայմանավորված, և՛ մնացած իրողությունների շուրջ բավական մեծ է: Եվ կարելի է ենթադրել, որ օրինակ, եթե հանրաքվեն չչեղարկվեր, քաղացիական մասնակցությունը մեծ չէր լինի: Չի բացառվում, որ արտակարգ դրությունն այս նպատակով է երկարաձգվում, որովհետև ինչպես վերջին իրադարձություններից տեսանք, որ իշխանությունը Սահմանադրական Դատարանի ենթադրյալ ճգնաժամի հանգուցալուծումը ուզում է բերել և տեղավորել ԱԺ տիրույթում, որը, իմ կարծիքով, ճիշտ չէ»:










