Հանձնարարել եմ, որ ուսումնասիրվեն ապատեղեկատվության աղբյուրները, արդյոք այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունե՞ն . Վարչապետ

14:54 • 12.06.20

Ապատեղեկատվություն կա ոչ միայն բուն հիվանդության, այլ ուղեկցող երևույթների մասին: Այս մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հարությունյանի հարցին:

«Ձեզ հայտնի շրջանակների կողմից թեզ է դրվում շրջանառության մեջ, և ասում է՝ նայեք կորոնավիրուսի կոնտեքստում ավելի շատ զոհ ունեցանք, քան քառօրյա պատերազմի ընթացքում: Թվում է՝ այս ինչ խփող փաստարկ ու մեղադրանք է, բայց ԱՄՆ-ն ավելի շատ զոհ է ունեցել կորոնավիրուսից, քան Իրաքի և Քուվեյթի պատերազմները միասին վերացրած»,-ասաց նա և նշեց, որ քառօրյա պատերազմը չորս օր է տևել և ցանկացած ուրիշ չորս օր տարբեր հիվանդություններից ավելի շատ զոհ ենք ունեցել, քան քառօրյա պատերազմի ընթացքում:

Նա նշեց, որ այսպիսի մանիպուլյատիվ փաստարկներ են դրվում շրջանառության մեջ: Նա ասաց, որ հանձնարական է տվել և խնդրեց այս հայտարարություն սենսացիա չդարձնել: «Ես հանձնարարություն եմ տվել, որ ուսումնասիրվի ապատեղեկատվության աղբյուրները, արդյոք այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, կարող է օտարերկյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն և արդյոք կարող են լինել քաղաքական, կրիմինալ շրջանակներ, ովքեր իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար: Համենայդեպս, իմ հանձնարարությամբ խումբ է ձևավորված, որ այդ հարցերի պատասխանները գտնի»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա: «Ես լսել եմ մի դեպք, որ մի կին տաքսու միջից զանգում է և ասում՝ այսինչն է վարչապետի աշխատակազմից, ասում է էն ժամացույցը, վարչապետը պատվիրել էր, եկել է՞, վայ ինչ լավա, բա ինչ պետք է տայինք 35 հազար դոլա՞ր, թե եվրո՞: Եվ այն տաքսու վարորդին խոսակցությունը տարօրինակ է թվացել և նա հետևել է, թե այդ կինը ուր է գնում և տեսել է, որ նստում է ուրիշ տաքսի: Պարզ է, չէ որ սա կազմակերպված գործողություն է և պետք է պարզել, ով է կազմակերպել: Իսկ որ հիբիդային պատերազմի էլեմենտներ կան այս ամեն ինչի մեջ, դա ակնհայտ է»,-ասաց նա: