Բացի իմ ընտանիքի անդամներից, առանց դիմակի որևէ մեկի հետ շփում չեմ ունեցել և այս ընթացքում ում հետ շփվել եմ, նրանցից ոչ մեկը չի վարակվել. Վարչապետ (տեսանյութ)
Բարի վերադարձ առողջների շարքեր: Այս մասին Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով վարչապետին: Նա անդրադարձավ հիվանդության բովանդակությանը և նշեց. «Հայտնի է, որ վարակը ունի ՌՆԹ կառուցվածք և մարդու օրգանիզմի բջիջը գրավում և խեղդում է տրանսներբալ շապիկի միջով անցնելով, դրանով է պամանավորված ինկուբացիոն շրջանի տևողությունը»: Սա առաջացրեց պատգամավորների ծիծաղը և Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց. «Այս ավանդույթը հարգելի՛ գործընկերներ իմ հարցերի ժամանակ ուրախանալու, ձեզ համար առողջարար է, բայց առաջարկում եմ թարգել, քանի որ տրագեդիայից եմ խոսում»:
Վարչապետը տեղեկացրեց, որ իր մոտ դրական ախտորոշումը եղել է մայիսի 31-ին: Դրանից հետո թեստ են հանձնել նաև ընտանիքի անդամները: Լույս հունիսի 1-ի գիշերը եղել է կրկնակի թեստի պատասխանը: «Հաջորդ կիրակի պատասխանը եղավ բացասական: Սա նշանակում է, որ ես, մեծ հավանականությամբ, դրանից առաջ առնվազն ևս 1 շաբաթ եղել եմ կորոնավիրուսով վարակված: Մայիսի 23-ից ես ոչ մի տեղ առանց դիմակի չեմ եղել: Բացի իմ ընտանիքի անդամներից, առանց դիմակի որևէ մեկի հետ շփում չեմ ունեցել: Եվ շատ կարևոր է, որ այս ընթացքում ում հետ շփվել եմ, նրանցից ոչ մեկը չի վարակվել: Ինչը ապացուցում է, որ դիմակով լինելը հանդիսանում է որոշակի՝ գոնե 95 տոկոսանց երաշխիք, որ վարակը չի փոխանցվի»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահի պաշտոնամուտի առիթով Արցախի հավաքույթին, վարչապետն ասաց, որ միջոցառումն ամբողջությամբ տեղի է ունեցել այդ պահին Արցախում գործող իրավարգավորումների շրջանում: Նա նշեց, որ նույնիսկ եթե ենթադրեն, որ ինքը այդ ժամանակ արդեն վարակված է եղել, իր կողքին գտնված մարդկանցից ևս ոչ ոք չի վարակվել: «Ռակուրսը լուսանկարներից չգիտեմ, թե ոնց է երևում, բայց, այնուամենայնիվ, բնազդային զգուշությունը և հեռավորությունների որոշակի պահպանում թույլ է տրվել»,-ասաց նա:










