Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե այլ զարգացումներ են տեղի ունենում, Ոստիկանությունը պետք է ուժ կիրառի. Վարչապետ (տեսանյութ)

15:57 • 12.06.20


Ես կոչ եմ անում Ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումները իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն մարդը առանց դիմակ է, թող 10 հազար դրամի տուգանքի արձանագրությունը կազմեն: Թևը ոլորելը, գետնին գցել, քարշ տալը, սա դատապարտելի երևույթ է»,-ասաց պատգամավորը:

Վարչապետը նշեց, որ կհամաձայնի պատգամավորի հետ՝ թևը ոլորելու, գետնին տապալելու հետ կապված, եթե դա տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և դեպքերում: «Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե այլ զարգացումներ են տեղի ունենում, պետք է Ոստիկանությունը ուժ կիրառի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է անվտանգությանն կանոնները պահելով հավաքների ազատությունը թույլ տալու վերաբերյալ պատգամավորի հարցին, վարչապետն ասաց.«Այստեղ խնդիրը այն է, որ եթե սոցիալական հեռավարությունը չպահպանվեց և բերման ենթարկվեց, արդյունքում ստացվելու է մարդու հավաքների ազատությունը խախտվեց»: Վարչապետը նշեց, որ ՀՀ –ում կան կառույցներ, որոնք օրենքով կարող են ուժ կիրառել, այդ թվում, հանրային անվտանգությանը սպառնալու դեպքում: