Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն անհուսալի է համարում

04:57 • 12.06.20

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Սոն Գվոնը հայտարարել է, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հարաբերություններ պահպանելուց որևէ օգուտ չեն ակնկալում, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով երկրի պետական լրատվամիջոցի հրապարակմանը:

Պաշտոնական Փհենյանն այսպիսի գնահատական է հնչեցրել Հյուսիսային Կորեա-ԱՄՆ առաջին գագաթնաժողովին հաջորդած երկու տարիներն ամփոփելու համատեքստում:

Արտգործնախարար Գվոնը հայտարարել է՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն ապացուցում է, որ Վաշինգտոնը շարունակում է երկարաժամկետ սպառնալիք հանդիսանալ Հյուսիսիային Կորեայի և նրա ժողովրդի համար: «ԿԺԴՀ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հույսերը, որոնք ի հայտ էին եկել երկու տարի առաջ և համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվել, այսօր կրկին վերածվել են անհուսալիության՝ վատթարացման դինամիկայով», - շեշտել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը:

2018թ-ի հունիսին Սինգապուրում անցկացված երկկողմ առաջին գագաթնաժողովից հետո էական առաջընթաց չի գրանցվել. Փհենյանը սպասում է ամերիկյան պատժամիջոցների թուլացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություների կատարմանը, իսկ Վաշինգտոնը հայտարարում է, որ դժգոհ է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զինաթափման ուղղությամբ կատարվող քայլերից: