22-ամյա նորվեգացին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ քրոջը սպանելու և մզկիթում կրակահերթ արձակելու համար

05:57 • 12.06.20

22-ամյա նորվեգացի Ֆիլիպ Մանսհաուսը խորթ քրոջը սպանելու և Օսլոյում գտնվող մզկիթներից մեկում կրակահերթ արձակելու համար դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ պատիժը նվազագույնը 14 տարի կրելու պայմանով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2019թ-ի օգոստոսի 10-ին նորվեգացի երիտասարդմ ինքնաձիգով ներխուժել է մզկիթներից մեկն այն ժամանակ, երբ աղոթքն արդեն ավարտվել էր, և ներսում 3 մարդ է եղել: Մանսհաուսը հասցրել է մի քանի անգամ կրակահերթ արձակել, մինչև որ նրան մզկիթի պահնորդներից մեկը վնասազերծել է: Նա, ըստ դատարանի, խոստովանել է, որ ցանկացել է որքան հնարավոր է շատ մահմեդականի սպանել ու ռասսայական պատերազմ սկսել:

Մինչև մզկիթ ներխուժելը նա տանը սպանել է իր 17-ամյա խորթ քրոջը, որը չինական արմատներ է ունեցել և, միգուցե, տեղյակ է եղել մզկիթում նախատեսված կրակոցներից: Իսկ մզկիթում իր պլանավորած սպանդը երիտասարդը փորձել է ուղիղ եթերով հեռարձակել իրեն ամրակցված տեսախցիկի միջոցով, սակայն ուղիղ հեռարձակում ապահովել չի հաջողվել:

Դատարանը նորվեգացու արաքը ահաբեկչություն է որակել:

Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը ոգեշնչված է եղել տարբեր ահաբեկիչների կատարած գործողություններով, հաճախ մեջբերել է Հիտլերին, ինչպես նաև՝ Բրեյվիկին, որը 2011թ-ին պայթյուն էր կազմակերպել Օսլոյում և երիտասարդական ճամբարում ավելի քան 70 մարդու գնդակահարել: